Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

Հաստ աղիքի քաղցկեղ. izmirlianmedicalcenter.com

Հաստ աղիքի քաղցկեղ. izmirlianmedicalcenter.com

Հաստ աղիքի (կոլոռեկտալ) քաղցկեղը միավորում է կույր աղիքի, խթաղու, ուղիղ աղիքի, ինչպես նաև հետանցքային ուղու տարբեր ձևի, տեղակայման և հյուսվածքաբանական կառուցվածքի չարորակ էպիթելային ուռուցքները։

Տարածվածությունը։  Հաստ աղիքի քաղցկեղի առաջացման հաճախությունը էապես աճել է վերջին տարիներին։ Աշխարհում ամեն տարի գրանցվում է հաստ աղիքի քաղցկեղի 500-600 հազար նոր դեպք։

Հաստ աղիքի քաղցկեղն ամենից շատ տարածված է ԱՄՆ-ում, Կանադայում, Արևմտյան Եվրոպայի երկրներում և Ռուսաստանում, այն հազվադեպ է հանդիպում Ասիայում, ավելի քիչ Աֆրիկայում։ Այսպես, ԱՄՆ-ում ամեն տարի գրանցվում է հաստ աղիքի քաղցկեղի համարյա 150000 և մահացության 55000 դեպք։ Եվրոպայում ամեն տարի գրանցվում է կոլոռեկտալ քաղցկեղով հիվանդացության 130000 դեպք, 98000 մարդ մահանում է այդ հիվանդությունից։ Հիվանդության մակարդակը այստեղ կազմում է 30 դեպք 100000 բնակչության հաշվով։ Միայն Ֆրանսիայում կոլոռեկտալ քաղցկեղից ամեն տարի մահանում է15000, իսկ Անգլիայում և ՈՒելսում` 16000 հիվանդ։ Վերջին հինգ տարիների ընթացքում Ռուսաստանում հաստ աղիքի քաղցկեղը ըստ առաջացման հաճախության՝ 6-րդ տեղից տեղափոխվել է 4-րդ տեղ` զիջելով միայն թոքի, ստամոքսի և կրծքագեղձի քաղցկեղին։ Հիվանդության հաճախությունը 100000` բնակչի հաշվով կազմում է 33։ Հայաստանում կոլոռեկտալ քաղցկեղով հիվանդացությունը կազմում է 100000 բնակչին 17 մարդ։Խթաղու քաղցկեղով հիվանդացությունը տղամարդկանց և կանանց շրջանում հիմնականում նույնն է։ՈՒղիղ աղիքի քաղցկեղը ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ։

Հաստ աղիքի քրոնիկական բորբոքային հիվանդություններով` հատկապես խոցային կոլիտով հիվանդների մոտ կոլոռեկտալ քաղցկեղի առաջացման հաճախությունը նշանակալիորեն ավելի բարձր է, քան բնակչության ընդհանուր կազմում։ Քաղցկեղի զարգացման ռիսկի աստիճանի վրա ազդում են հիվանդության տևողությունը և կլինիկական ընթացքը։ Հաստ աղիքի պոլիպները համեմատաբար հազվադեպ են հանդիպում երիտասարդ տարիքում, բայց մեծահասակների մոտ հանդիպում են բավականին հաճախ։

Հիվանդության զարգացման հավանականությունը բարձր է այն անձանց մոտ, որոնց ժառանգականությունը բարդացած է հաստ աղիքի կամ ուրիշ օրգանների չարորակ ուռուցքներով։ ՈՒռուցքի դանդաղ աճը հաճախ ուղեկցվում է տեղային բորբոքային գերծընթացով, որը փոխանցվում է հարևան օրգանների և հյուսվածքների վրա։

Խթաղու  ուռուցքներ

  1. Ադենոկարցինոմա (բարձր տարբերակված, չափավոր տարբերակված, ցածր տարբերակված),
  2. լորձային ադենոկարցինոմա (մուկոիդ լորձային, կոլոիդ քաղցկեղ),
  3. մատանիաձև-բջջային (մուկոցելյուլյար) քաղցկեղ,
  4. չտարբերակված քաղցկեղ,
  5. չդասակարգված քաղցկեղ։


ՈՒղիղ աղիքի քաղցկեղներ

Բացի վերը նշված տարբերակներից  նկատվում են նաև՝

  1. տափակ բջջային քաղցկեղ (եղջերացող, չեղջերացող),
  2. գեղձատափակբջջային քաղցկեղ,
  3. բազալ բջջային քաղցկեղ։


Չարորակ էպիթելային ուռուցքներից ամենատարածվածն ադենոկարդինոման է. այն կազմում է հաստ աղիքի բոլոր քաղցկեղային ուռուցքների 80%-ը։ Հիվանդության ընթացքի կանխատեսման համար շատ կարևոր է իմանալ տարբերակման աստիճանը (բարձր, միջին, ցածր տարբերակված ադենոկարդինոմա), ներաճման խորությունը, սահմանների հստակությունը, ավշածին մետաստազավորման հաճախությունը։
Հաստ աղիքի քաղցկեղի բուժումը։ Հաստ աղիքի քաղցկեղի բուժման հիմնական եղանակը ուռուցքի և դրա ավշածին շրջակա մետաստազավորման արմատական հեռացումն է։ Հաստ աղիքի քաղցկեղի վիրահատական բուժման ընդհանուր սկզբունքներն են արմատականությունը և աղիքային պարունակության անարգել անցանելիության ստեղծումը հնարավորության դեպքում` բնական ճանապարհով։ Վիրահատական բուժման հաջողությունը, դրա սկզբունքներին հետևելը նշանակալիորեն պայմանավորված են հաստ աղիքի ճիշտ նախապատրաստմամբ։

Վիրահատության արմատականությունը ապահովվում է հաստ աղիքի մասնահատման համապատասխան ծավալով, ուռուցքի և շրջակա ավշածին մետաստազավորման համապատասխան մասի հեռացմամբ։

/Շարունակելի/

Աղբյուրը՝ Իզմիրլյան ԲԿ-ի կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքի վարիչ՝ Արամ Հակոբյանի «Կոլոպրոկտոլոգիա» գրքից։

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ